աուտիզմ

2010թ.-ից ի վեր Orange Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին, որն աուտիզմով երեխաներին օգնելու նպատակով իրականացնում է համապատասխան բժիշկների և այլ մասնագետների մասնագիտական հմտությունների զարգացման համապարփակ ծրագիր:

Որպես ծրագրի մի մաս, «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնը մասնաճյուղեր է բացել Հայաստանի մի շարք մարզերում և հարյուրավոր բժիշկների, հոգեբանների, դաստիարակների և այլոց համար կազմակերպել վերապատրաստական դասընթացներ՝ միտված աուտիզմի ախտանիշների վաղ հայտնաբերմանն ու աուտիզմով երեխաների ընտանիքների աջակցմանը: Հայաստանում նաև ներդրվել են աուտիզմի ախտորոշման և հաղորդակցման հմտությունների զարգացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ADOS և PECS մեթոդները:

Ծրագրի շրջանակներում աուտիզմով երեխաներին հնարավորություն է ընձեռվում այլ երեխաների հետ մասնակցել ամառային ճամբարների՝ այսպիսով զարգացնելով աուտիզմով երեխաների հաղորդակցման հմտությունները և խթանելով վերջիններիս ինտեգրումը հասարակության մեջ:

2013թ. ծրագրի շրջանակներում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկայում մեկնարկել է համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային ծրագիր, որը նպատակ ունի հոգեբանական աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաների ընտանիքներին: Աուտիզմով երեխաների մասնագիտական կրթությունը 2013թ. մեկնարկած այս բազմակողմանի ծրագրի ևս մեկ բաղադրիչն է:

Վերոհիշյալ ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև որոշ ծրագրերի մասին պատմող տեսանյութեր դիտելու համար խնդրում ենք այցելել Orange Հիմնադրամի ինտերնետային կայքի Նորություններ բաժին: