նորություններ


Orange Հիմնադրամը ներդնում է 51 միլիոն դրամ Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղում 25.11.2015

Orange Հիմնադրամը ներդնում է 51 միլիոն դրամ Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղում

Orange Հիմնադրամի հերթական՝արդեն երրորդ «Մեկ գյուղ» համալիր զարգացման ծրագիրը կիրականացվի Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Ծրագրի նպատակն է արմատական փոփոխություններ կատարել ընտրված մեկ գյուղական համայնքի կյանքում, հիմնարար ոլորտներում նպատակային ներդրումների շնորհիվ՝ ներառյալ տնտեսական գործունեություն, կրթություն, առողջապահություն և ջրամատակարարում:

Զանգակատուն համայքնում «Մեկ գյուղ» ծրագիրն արդեն մեկնարկել է, և այսօր իրականացված և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով գյուղ էին այցելել Orange Հիմնադրամի և ծրագիրն իրականացնող ՀՕՖ բարոգործական կազմակերպության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով Զանգակատուն համայնքի բնակիչների զգալի մասի զբաղվածությունը խնձորի այգիների մշակման և մրգերի վերամշակման ոլորտում՝ «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ՝ հագեցած խնձորի այգիների մշակման և խնձորի չրերի արտադրության համար նախատեսված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, կոոպերատիվի անդամների համար կկազմակերպվեն դասընթացներ, ինչը թույլ կտա բարձրացնել այգեգործության և չրերի արտադրության, շուկայավարման և իրացման արդյունավետությունը: Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին չրանոցի տարածք, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքները: Վերջիններիս կամավորության սկզբունքով մասնակցում են նաևOrange Արմենիա ընկերության աշխատակիցները :

Նախագծի շրջանակներում ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև համայնքի ոռոգման համակարգի վերականգնման համար, ինչը թույլ կտա մեծապես կրճատել ջրի կորուստը և հնարավորություն կստեղծի 40հա-ով ընդլայնել խնձորի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը:

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում կվերանորոգվի Զանգակատուն գյուղի բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է նաև հարևան 4 համայնքների բնակիչներին: Այցի ընթացքում ամբուլատորիային հանձնվեց հատուկ տրանսպորտային միջոց՝ հարևան գյուղերի բնակիչների համար բժշկական ծառայությունների հասանելությունն ապահովելու համար: Բացի այդ, արդեն իսկ ավարտվել են ծրագրով նախատեսվող համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, ինչը հնարավորություն է ստեղծել լիարժեք կազմակերպել մանկապարտեզ հաճախող երեխաների առօրյան: Երեխաների ճիշտ սննդակարգն ապահովելու համար մանկապարտեզի անձնակազմի և ծնողների համար կանցկացվեն հատուկ դասընթացներ:

Ծրագրի շրջանակներում նաև վերազինվել է գյուղի դպրոցի համակարգչային դասարանը, ինչպես նաև տրամադրվել են համապատասխան պարագաներ գործող արտադասարանային խմբակների դասերն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար: Շուտով դպրոցում կստեղծվի նաև Երիտասարդների ակումբ:

Զանգակատուն համայնքում «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվում է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ: Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 51 միլիոն դրամ:

«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի առօրյա խնդիրները: Կարծում ենք համայնքի համալիր զարգացմանն ուղղված «Մեկ գյուղ» նախաձեռնությունը, որը միաժամանակ անդրադառնում է գյուղի տնտեսական, առողջապահական, կրթական ու ջրամատակարարման ոլորտներում առկա խնդիրներին, հնարավորություն է տալիս շոշափելի արդյունքների հասնել և էականորեն բարելավել համայնքի առօրյան: Հոկտեմբերին նշեցինք Տավուշի մարզի Պառավաքար համայնքում «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտը և ուրախ էինք տեսնել, թե որքանով է մեր այս նախաձեռնությունը փոխել Պառավաքարի բնակիչների կյանքը»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Orange Հիմնադրամի կողմից իրականացվող համալիր զարգացման այս ծրագիրն արդեն թվով երրորդ է. առաջինն իրականացվել էր 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան, իսկ երկրորդը՝ այս տարի Տավուշի մարզի Պառավաքար գյուղում:


Back to the list