Նոր հույս Պառավաքարին. Orange Հիմնադրամն ավարտին հասցրեց երկրորդ

«Մեկ գյուղ» ծրագիրը


2015թ. մայիսին «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում սկսվեցին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի վերածննդին ուղղված աշխատանքները: 6 ամսում գյուղի համալիր զարգացման նախագիծը թույլ տվեց լիովին փոխել գյուղի ու բնակիչների առօրյան՝ տալով ապագայի նկատմամբ հույս և վստահություն: Ծրագրի իրականացմանն Orange Հիմնադրամը հատկացրել է 52 մլն դրամ: Հիշեցնենք, որ 2014թ.-ին նույն ծրագրի շրջանակներում աջակցություն էր ցուցաբերվել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղին:

լրացուցիչ 25 հա մշակովի հողատարածք ու 30%-ով ավելի տնտեսական արդյունքներ

Պառավաքարում իրականացված «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում հզորացվել է գյուղատնտեսական կոոպերատիվը: Հաշվի առնելով գյուղի բնակիչների ճնշող մեծամասնության զբաղվածությունը խաղողագործության ոլորտում՝ կոոպերատիվին տրամադրվել է խաղողի այգիները մշակելու համար նախատեսված ժամանակակից տրակտոր և գյուղատնտեսական սարքավորումներ: Այդ բոլորը հնարավորություն է տվել կոոպերատիվի անդամներին շատ ավելի արդյունավետ մշակելու խաղողի այգիները: Բացի այդ, ֆինանսական միջոցներ են հատկացվել գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցի 2 կմ-ոց հատվածի վերականգնմանը, որի արդյունքում կրճատվել են ջրի կորուստները՝ հնարավոր դարձնելով հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար: Վերջինս արդեն թույլ է տվել հիմնել 4 հա խաղողի նոր այգիներ, և գործընթացը շարունակվում է: Նախատեսվում է, որ այս փոփոխություններից հետո խաղողագործների տարեկան եկամուտները կմեծանան մոտ 30%-ով:

 

Ռոլանդ Մարգարյան, Պառավաքարի գյուղապետ. «2500 տոննա բերք ենք հավաքել, որը ռեկորդային է վերջին 20 տարիների համար: Նման ծրագիր մեր գյուղում դեռ երբեք չէր իրականացվել»

վերանորոգումից հետո երկու անգամ ավելի շատ երեխաներ են հաճախում մանկապարտեզ

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում վերանորոգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը՝ թույլ տալով կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Ամբողջովին լուծված են ջեռուցման և խմելու ջրի հետ կապված խնդիրները: Մանկապարտեզն ապահովվել է հոսող խմելու ջրով: 


Քրիստինե Դանիելյան, ծնող. «Պայմաններ են ստեղծվել, որ ժողովուրդը հավատը չկորցնի, չուզի գյուղը լքել ու գնալ»

խմելու ջրի ու ոռոգման խնդիրն այլևս լուծված է

Ծրագրի շնորհիվ ամբողջովին լուծված են խմելու ջրի և ոռոգման հետ կապված խնդիրները: Ավելի քան 3.5 կմ երկարությամբ նոր խմելու ջրագծի կառուցման շնորհիվ գյուղ մտնող ջրի քանակն ավելացել է 30%-ով: Նոր ջրագիծը թույլ է տվել հոսող խմելու ջրով ապահովել գյուղի մանկապարտեզը, դպրոցը և ամբուլատորիան: Վերջինում կառուցվել է նաև կենսականորեն կարևոր կոյուղին: Վերականգնվել է գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցի 2 կմ-ոց հատվածը, որի արդյունքում կրճատվել են ջրի կորուստները՝ հնարավոր դարձնելով հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար: 

3,200 բնակչի սպասարկող ամբուլատորիան վերանորոգվել է

Ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ուղղվել Պառավաքարի, ինչպես նաև հարևան Վարագավան և Վերին Ծաղկավան համայնքների` ընդհանուր հաշվով 3200 բնակիչներին սպասարկող բժշկականամբուլատորիայի վերանորոգման համար: Ամբողջությամբ փոխվել են ամբուլատորիայի շենքի դռներն ու լուսամուտները, կառուցվել է ամբուլատորիայի բնականոն աշխատանքի համար կենսական կարևորություն ունեցող հոսող ջրի համակարգ ու կոյուղի: 

ավելի մեծ հնարավորություններ երիտասարդների համար

Համայնքի երիտասարդ բնակիչների առօրյան ավելի բովանդակալից դարձնելու համար կառուցվել է ֆուտբոլի խաղահրապարակ: Գյուղում գործող պարի խմբակին հատկացվել են տարազներ և երաժշտական սարքավորումներ, իսկ դպրոցին՝ համակարգիչներ:

                

                

                

                

                

                

Նախագծի շրջանակներում իրականացված բոլոր աշխատանքները կատարել է «Շեն» բարեգործական կազմակերպությունը, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ Orange Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: